Показаны сообщения с ярлыком Հայտնի մարդիկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայտնի մարդիկ. Показать все сообщения

Որքա՞ն ժամանակ ես մնում սենյակում

    Աղոթելը մեծագույն բանն է, որ մենք կարող ենք անել. այն լավագույնն անելու համար պետք է հանդարտություն, ժամանակ և խոհեմություն ունենալ:
    Մենք ամեն օր պետք է սովորենք աղոթքի արժեքը և ամեն օր մտնենք աղոթքի դպրոցը: Չկա ուրիշ մի բան, որ սովորելու ավելի շատ ժամանակ պահանջի, քան աղոթքը:
    Աղոթքին հատկացված ավելի շատ ժամանակն ու ավելի վաղ ժամերը հրաշքի ազդեցությունը կվերակենդանացնեն և կկազդուրեն վնասված հոգևոր կյանքերը: Աղոթքին հատկացված ավելի շատ ժամանակն ու ավելի վաղ ժամերը սուրբ կյանքով կարտահայտվեն:
    Մեր սենյակներում Աստծո հետ մնալու մեր կարողությունը որոշում է սենյակից դուրս Աստծո հետ լինելու մեր կարողությունը: Սենյակի մեջ հապշտապ եղած առանձնացումները խաբուսիկ են և ապարդյուն: Դրանցով երբեմն ոչ միայն մոլորվում, այլև կորցնում ենք շքեղ պարգևները:
    Սենյակի մեջ մնալը դաստիարակում և օգտակար է լինում: Դրանցով ենք սովորում, և մեծագույն հաղթանակները հաճախ արդյունք են մեծ սպասման՝ սպասել, մինչև բառերն ու ծրագրերը սպառվեն, և լուռ ու համբերող սպասումը շահի պսակը:
    Հիսուս Քրիստոսը հարցնում է որոշակի շեշտով. «Աստված իրավունք պիտի չանի՞ նրանց, ովքեր գիշեր ու ցերեկ աղաղակում են Իրեն» (Ղուկաս 18:7):
    Ինչպիսի՞ն է քո աղոթքի կյանքը: Որքա՞ն ժամանակ ես մնում սենյակում…
Ե.Մ. Բաունձ: «Զորություն աղոթքի միջոցով»

Նշանավոր մարդիկ. խոսքեր

   Ժամանակակից մարդու ամենալուրջ խնդիրները բխում են նրանից, որ մարդը կորցրել է Աստծո հետ գիտակցված համագործակցության զգացումը՝ մարդկության վերաբերյալ Աստծո մտադրությունների հարցում:

   Թող զարգանա գիտական մշակույթը, թող առաջանա բնական գիտությունը խորությամբ ու լայնությամբ, թող մարդկային հոգին կատարելագործվի՝ որքան ուզում է, բայց այն չի գերազանցի քրիստոնեության վեհությանն ու բարոյական մշակույթին, որչափ վերջինս փայլում ու ճառագում է Ավետարաններում:

Ա. Պուշկին: Աստվածաշունչի մասին

   Կարծում եմ, որ մենք երբեք ժողովրդին Աստվածաշնչից ավելի լավ բան չենք տա… Նրանում է հնարավոր գտնել մարդկության ողջ կյանքը: Կրոնն է ստեղծել արվեստը, գրականությունը և յուրաքանչյուր մեծ արժեք՝ վաղնջական ժամանակներից ի վեր: Առանց կրոնի չէին լինի ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ պոեզիան, ո՛չ բարոյականությունը: Անգլիացիները ճիշտ են, որ Աստվածաշունչը երեխաներին են տալիս: Իմ երեխաները… Իմ երեխաները ինձ հետ բնօրինակով Աստվածաշունչ են կարդալու: Աստվածաշունչը համաշխարհային է…
Ահա աշխարհի միակ գիրքը՝ նրանում կա ամեն բան…
Ռուս գրող՝ Ալեքսանդր Պուշկին

Սադհուի առաջին ճամփորդությունները (1-ին մաս)

(Նախորդը՝ Անվնաս մահադեղ)
   1906-ի վաղ գարնանը Սադհուն Շիմլայից սկսեց իր միսիոներական առաջին ճամփորդությունը դեպի Տիբեթի սարահարթի հնդկական գյուղերը: Մինչ դեպի հյուսիս բարձրանալը նա որոշեց «հետախուզական» նպատակով շրջագայել Բենջաբի արևմտյան տարածքներով:
   Անընդհատ դեպի արևմուտք ճամբորդելով և Խայբերի լեռնանցքը կտրելով՝ նա վերջապես անցավ Աֆղանստանի սահմանը և տեսնելով, որ այդտեղի ժողովուրդը հոգևորապես ավելի սարսափելի վիճակում է, քան հնդիկները, որոշեց միառժամանակ մնալ այնտեղ և ավետարանել: Նա ավետարանչի հաստատուն քայլերով շրջում էր հեթանոս աֆղանների չքավոր գյուղերով և վերջապես հասավ Ջելալաբադ: Մի քանի օր ավետարանելու արդյունքում նրան լրտես հայտարարեցին և դուրս վռնդեցին քաղաքից: Մի քանի երիտասարդներ որոշեցին գիշերը ճանապարհին սրախողխող անել նրան, բայց բնիկներից մեկը, պատահաբար իմանալով այդ մասին, զգուշացրեց Սադհուին, որովհետև նրա մեջ միայն անկեղծություն և մաքրություն էր տեսել: Սադհուն հեռացավ քաղաքից և մոտակա առաջին գյուղը հասնելով՝ ապաստան փնտրեց, բայց գյուղացիները նրան գիշերելու տեղ չտվեցին: Գյուղից դուրս գալով՝ նա տեսավ ճամփեզրի խարխուլ, դատարկ ու անբնակ պանդոկը և այնտեղ հանգրվանեց: Երբ առավոտյան դուրս եկավ պանդոկից, անցնող գյուղացիները, նրան տեսնելով զարմացած աղաղակեցին. «Դու ո՞ղջ ես մնացել... ուրեմն իսկապես Աստծո ընտրյալ ես»: Պարզվեց, որ այդ պանդոկը օձերով, կարիճներով, թունավոր միջատներով, մեռածների ոսկորներով ու հիվանդություններով լցված որջ էր, և այնտեղ մտնող անտեղյակ օտարականներից դեռ ոչ ոք դուրս չէր եկել: Գյուղացիները նրան բարեկամաբար գյուղ բերեցին, հյուրասիրեցին և խնդրեցին, որ իրենց գյուղում մնա: Օրեր անց նրանք Սադհուին առաջնորդեցին դեպի հարևան գյուղերը՝ վկայակոչելով նրա հետ կատարված հրաշքը և բարեպաշտ կյանքն ու բարքը: Կարճ ժամանակից աֆղաններն այնպես սիրեցին ու կապվեցի Սադհուին, որ խոստացան մտածել Քրիստոսի առաջարկած կյանքի մասին, իսկ նրանք, ովքեր իրենց սրտերը Հիսուսին տվեցին, Սադհուին առաջարկեցին ընդմիշտ մնալ իրենց մոտ: Մի քանի ամիսների ընթացքում գրագետ գյուղացիներից ոմանք գրեցին Քրիստոսի մասին Սադհուի պատմած առակներն ու հրաշքները, իսկ ոմանք ուղղակի արտագրեցին Ավետարանը՝ փոխադրելով աֆղաներենի: Շատ հուզիչ էր Սադհուի հետադարձի օրը: Բազմաթիվ գյուղացիներ, նրա աղոթքով բժշկվածներ և նորադարձ քրիստոնյաներ հավաքվել էին հրաժեշտ տալու իրենց տարածք մտած առաջին առաքյալին: Սադհուն մերժեց նրանց նյութական բոլոր աջակցությունները, բայց չկարողացավ կոտրել քրիստոնյա քույրերի սերը, ովքեր իրենց ձեռքերով Սադհուի համար բրդյա տաք ծածկոց էին գործել ու հնդկական գլխարկ-փաթաթոց կարել: Սադհուն միշտ մեծ համակրանքով ու ջերմությամբ էր պատմում Ջելալաբադում անցկացրած իր շաբաթների մասին:

Ի՞նչ պատասխան ես տալու

Ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն դու, որ զարդարում ես քարեղեն պատերը, բայց չես հագցնում քո նմանին։ Դու, որ սիրում ես քո ձիուն, բայց մի հայացք անգամ չունես խեղճության մէջ հայտնված եղբորդ համար։ Դու, որ փտեցնում ես ցորենդ, բայց չես կերակրում սովեալներին։
Սբ. Բարսեղ Մեծ

Իմ բաժինը Դու ես, Տե´ր

   «Իմ բաժինը Դու ես, Տե´ր» (Սաղմոս 119.57)
Նայիր քո ունեցվածքին, ով հավատացյալ, և համեմատիր քո բաժինը մտերիմներիդ ունեցածի հետ: Նրանցից մի քանիսի բաժինն արտերում է, նրանք հարուստ են, և հունձքը նրանց մեծ եկամուտ է բերում:
Բայց մի՞թե հնարավոր է նրանց հունձքը համեմատել քո Աստծո հետ, Ով հունձքի Աստվածն է: Ի՞նչ արժեք ունեն բերնեբերան լցված ամբարները՝ համեմատած Նրա հետ, Ով քո Փեսան է և երկնային կերակուր է տալիս քեզ: Մյուսների բաժինը քաղաքում է, նրանք անհաշիվ հարստություն ունեն, որն անսպառ աղբյուրի պես հոսում է նրանց մոտ, և նրանց շտեմարանները լեփ-լեցուն են ոսկով: Սակայն ի՞նչ է ոսկին քո Տեր Աստծո համեմատությամբ: Դու չես կարող դրան ապավինել, և դա չի կարող նեցուկ լինել քո հոգուն: Մի՞թե ոսկին կարող է բժշկել անհանգիստ խիղճը: Փորձիր ոսկով մխիթարել վհատված սիրտը. կարո՞ղ է արդյոք այն խլացնել գեթ մեկ հառաչանք կամ թեթևացնել վիշտը: Սակայն դու ունես Աստված, և Նրանում գտել ես այն, ինչը չես կարող գնել ոչ մի ոսկով:
   Մի քանիսի բաժինը ծափահարություններն ու փառքն են, որոնք այնքան ցանկալի են մարդկանց համար: Բայց հարցրու քեզ. մի՞թե Աստված քեզ համար ավելին չէ: Ի՞նչ օգուտ, եթե անհամար շեփորներ փողհարեն քո պատվին. մի՞թե դա կօգնի քեզ հատել Հորդանանը: Կքաջալերի՞ քեզ արդյոք դրանց ձայնը դատաստանի օրը: Ոչ, որովհետև կյանքում կան շատ վշտեր, որոնք ոսկին ի զորու չէ թեթևացնել: Մահվան ժամին արթնանում է մի խորը կարիք, որը հնարավոր չէ բավարարել ոչ մի հարստությամբ: Բայց եթե քո բաժինը Տերն է, ապա դու ունես ավելին, քան մյուս բոլորը միասին: Նրանում իրականանում են քո բոլոր ցանկությունները թե կյանքում, թե մահից հետո: Երբ Աստված քո բաժինն է, դու ճշմարտապես հարուստ ես, որովհետև Նա կբավարարի քո կարիքները, կմխիթարի քո սիրտը, կմեղմի հոգուդ ցավը և կուղղորդի քո քայլերը: Նա քեզ հետ կլինի «մահվան շուքի ձորում», իսկ հետո քեզ տուն կտանի, որպեսզի հավիտենապես դառնա քո բաժինը…
Չարլզ Սպերջեն

Ո՞րն է քրիստոնյայի անձնազոհության պատճառը

   Շատերն արհամարհում կամ հիմար են անվանում այն մարդկանց, ովքեր առողջությունը, ուժն ու հարստությունը, ի վերջո, իրենց կյանքը տալիս են ուրիշներին, հատկապես` «անարժաններին» փրկելու համար: Խոսքը հավիտենական դատապարտությունից ու մահից փրկելու մասին է:
   Ինչո՞ւ են քրիստոնյաները մարդկանց հոգիները փրկելու համար զոհում ամեն ինչ: Ո՞րն է դրդապատճառը. փառասիրությո՞ւնը, ճանաչված լինելու մղո՞ւմը, ուրիշների ուշադրության կենտրոնում լինե՞լը, մեղքերը քավելու կամ դրանք փոխհատուցելու ձգտո՞ւմը: Ո՛չ: Քրիստոնյայի անձնազոհության պատճառն իր Փրկչին նմանվելու և իր Տիրոջ ճանապարհով ընթանալու մղումն է:
   Քրիստոսն ասաց իր աշակերտներին. «դուք եք երկրի աղը» և «դուք եք աշխարհի լույսը»: Ուրեմն, մարդիկ խավարի, դառնության և «անհամության» մեջ են: Մենք էլ մի ժամանակ այդպիսին էինք: Իսկ հիմա մենք, որ Քրիստոսի մեջ ենք, ինչպե՞ս կարող ենք խավարի մեջ ապրողների համար չզոհել ամեն ինչ:
   Օրինակ` աղն իր համը չի տա, մինչև չլուծվի: Երբ աղ ենք լցնում բրնձով լի եռացող կաթսայի մեջ, բրնձի հազարավոր հատիկների անհամությունը փոխարկվում է համեղության: Կերակուրի մեջ երևում են միայն բրնձի հատիկները, իսկ աղի համը միայն վայելողներին է հայտնի: Այսօր Եկեղեցին լցվում է փրկվածներով, իսկ նրանց թիկունքում անձեր են, ովքեր իրենց կյանքը, ժամանակն ու հարստությունը զոհում են նրանց փրկության համար:
   Ուրիշների հանդեպ մեր անձնվիրությունը օրհնության և փրկության պատճառ է դառնում նրանց համար: Այդ հարցում ես իմ անձնական փորձառությունն ունեմ: Երբ իմ քրիստոնեական կյանքի սկզբում Տիբեթում էի ծառայում, ֆիզիկական հոգնության ու տկարության պատճառով չէի կարողանում մարդկանց փոխանցել այն ամենը, ինչ ունեի և զգում էի, որ այդ պատճառով տկարանում էր նաև իմ հոգևոր կյանքը, կորցնում էի Քրիստոսով ունեցած իմ խաղաղությունն ու ուրախությունը: Երբ սկսեցի անմնացորդ և անվերապահ կերպով տալ այն ամենը, ինչի կարիքն ունեին մարդիկ, վերադարձան խաղաղությունը, զորությունը և օծությունը:
   Ջրատար խողովակը միշտ մաքուր է, որովհետև այն մշտապես մաքրվում է հոսող, թարմ և մաքուր ջրով: Նույնն է կատարվում նաև այն քրիստոնյաների հետ, ում սիրտն ու ձեռքերը միշտ բաց են դեպի մարդիկ` լցնելու նրանց հոգևոր ու մարմնավոր կարիքները: Մարդկանց անվերապահ ծառայող քրիստոնյաները նման են կենդանի ջրի ջրատար խողովակի, որով Աստծու շնորհները հոսում են Սուրբ Հոգու միջոցով: Եթե դուք «լայն» ջրատար եք, և ձեզնից «բարակ ջուր» է հոսում, ուրեմն ձեր ջրատարը խցանված է: Հենց հիմա դիմեք Քրիստոսի մաքրող Արյան զորությանը, և ձեր միջից կենդանի ջրի գետեր կհորդեն: Եթե այստեղ չմաքրեք ձեր «ջրատարը», ապա Աստծուն չեք տեսնի, որովհետև Խոսքն ասում է. «Առանց սրբության ոչ ոք Աստծուն չի տեսնի» և «Երանի սրտով մաքուրներին, նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
Սադհու Սունդար Սինգհ: Հնդիկ քրիստոնյա, ավետարանիչ

Հզոր զենքը

   Տե՛ր Աստված, Դու մեզ հզոր զենք ես տվել, իսկ մենք թույլ ենք տվել, որ այն ժանգոտվի: Մենք թույլ ենք տվել, որ այդ հզոր ուժը անտարբերության մատնվի, և այն նիրհել է: Մի՞թե սեփական մարմնի հանդեպ հանցագործություն չի լինի, եթե մարդուն տան աչք, բայց նա չցանկանա այն բացել, կամ տան ձեռքեր, բայց նա չցանկանա դրանք բարձրացնել...
   Տե՛ր, Դու արևին լույս ես տվել, և այն փայլում է այդ լույսով, աստղերին էլ ես տվել լույս, և նրանք առկայծում են, Դու տվել ես քամուն ուժ, և նա փչում է:
   Տե՛ր, Դու Քո զավակներին տվել ես մի պարգև, որն այս ամենից առավել է, բայց նրանք չեն օգտվում այդ պարգևից: Նրանք գրեթե մոռացել են, որ կարող են օգտվել այդպիսի ուժից և շատ հազվադեպ են օգտագործում այն, բայց չէ՞ որ այդ զենքը կարող է հազարավոր մարդկանց օրհնության առիթ հանդիսանալ:
   Հռոմեական կայսր Կոնստանտինը տեսել էր, որ հին ժամանակների ոսկե դրամների վրա կայսրը պատկերված է հաղթական դիրքով կանգնած: Իսկ նա, հակառակը, հրամայեց, որդրամի վրա իրեն պատկերեն ծնկած. «Հենց ա՛յս ճանապարհով եմ ես հաղթանակի հասել»:
   Մենք երբեք հաղթանակ չենք տանի հենց այն պատճառով, որ չենք աղոթում: Վերադարձի՛ր Աստծուն և խոստովանի՛ր Նրան, որ թեև ունեիր այդ զենքը, բայց պատերազմի օրը փախուստի դիմեցիր:
   Եկե՛ք Աստծուն և խոստովանեք ձեր պարտությունը: Եթե հոգիները չեն գալիս ապաշխարության, դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված չի կարող փրկել, այլ` որովհետև դուք չեք պայքարում մեռնող մեղավորների դարձի գալու համար այնպես, ինչպես բժիշկն է ծննդաբերության ժամանակ պայքարում ծնվող փոքրիկի կյանքի համար:
Չարլզ Սպերջեն

Աղոթք: Բաունձ

Աստծո համար մեծագույն գործեր կատարող մարդիկ վաղ առավոտից իրենց ծնկների վրա են եղել:
*** 
Աղոթքը, ճշմարիտ աղոթքը պահանջում է ինքնամփոփ և երկար ժամանակի հատկացում, որին մարմինն ու արյունը չեն փափագում, և քիչ մարդիկ են համաձայնվում սրան:
*** 
Աղոթքն ու փորձությունը սերտորեն կապված են իրար հետ: Աղոթքը փորձության բալասանն է: Փորձությունը հաճախ մարդուն աղոթքով Աստծուն է մղում. աղոթքը փորձության մեջ եղող ձայնն է:
Ե.Մ.Բաունձ

Անվնաս մահադեղը

   ''Օձեր վեր կառնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան''։ Մարկոս 16.18
   Սունդարը հեռանում էր տանից՝ հիշելով իր Տիրոջ խոսքը. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»: Տնից բավականաչափ հեռանալով և դեպի Ռուփար քաղաքը տանող անտառը հասնելով՝ նա ծունկի իջավ և ազատություն տվեց իր արցունքներին ու աղաղակին:
   Զգալով Երկնային Հոր ներկայությունն ու սերը՝ նա իր ողջ կյանքը հանձնեց իր Տիրոջը: Նա կերավ հայրական տնից ստացած աղքատիկ նախաճաշը և Աստվածաշնչից հատվածներ արտասանելով՝ հասավ Ռուփարում գործող եկեղեցի՝ իր հին ծանոթներին, հատկապես հովիվ Ռուփալին այցելելու և հանգիստ առնելու մտադրությամբ: Դեռ նոր էր եկեղեցաշենք մտել, զգաց, որ անկառավարելի գլխապտույտ ունի: Ողջույնի ձայները դեռ ականջների մեջ՝ նա ընդարմացած գետնին փռվեց:
   Նրան դիմավորող ահաբեկված քրիստոնյաներն անմիջապես վերցրին Սունդարին և հովվի տանը պառկեցրին: Այնուհետև հնդիկ ժողովրդական բժիշկ-դեղագործի կանչեցին: Նա հայտնաբերեց, որ Սունդարը սարսափելի թունավորված է, և նրա կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում: Քիչ անց Սունդարն ուշքի եկավ, և նրան պատմեցին իր հետ կատարվածը: Կարճ հարցուփորձից հետո պարզվեց, որ հայրն էր թունավորել որդու վերջին կերակուրը: Նա այլ կերպ չեր կարողացել սպանել որդուն, և որպեսզի որդին տանը չմեռներ, ու ինքը չտեսներ որդու չարչարանքները, նրան տնից վռնդել էր՝ ժողովրդին ու սինգհերին ցույց տալով նրանց հանդեպ իր հավատարմությունն ու կրոնասիրությունը:

Խաղաղ խաղաղություն, Սմիթ Վիգլսվորթ

    Միակ զայրույթը, որ արտահայտում էր Սմիթ Վիգլսվորթը, միշտ ուղղված էր լինում սատանայի դեմ: Մեկ անգամ չէ, որ նա Աստվածային այցելություն էր ունեցել: Նա վկայում էր, որ ոչ միայն Աստծո ներկայությունն է զգացել, այլ նաև տեսել է Նրան՝ որպես կենդանի անձնավորություն: Նա ունեցել է նաև սատանայական այցելություն, բայց երբեք չի վախեցել սատանայից:
   Մի անգամ Վիգլսվորթն արթնացավ կեսգիշերին՝ հայտնապես զգալով սատանայի ներկայությունը: Նայելով սենյակի մեջ՝ նա տեսավ սատանային՝ իր սեփական անձով, որ կանգնած էր անկյունում: «Ա՜, դա միայն դու ես», -ասաց Վիգլսվորթը և շուռ գալով նորից քնեց:
   Դա երևակայական դեպք չէր, որը կարելի է հորինել: Վիգլսվորթը երբեք չէր փորձում բարդացնել. նա չափից ավելի իրատես էր: Նա միշտ հաղորդում էր բացարձակ ճշմարտությունը, որովհետև սիրում էր Նրան, Ով Ինքը ճշմարտությունն է: Նա երբեք չէր անում ու չէր ասում որևէ բան, որը կարող էր վշտացնել իր Տիրոջը:
   Կարելի է մտածել, որ Վիգլսվորթի կյանքը պետք է անցներ մշտական լարվածության մեջ, բայց դա այդպես չէր: Շատ քիչ մարդիկ ունեին այն անխռովությունն ու հանգստությունը, որ ուներ նա. անխռովությունը նրա համար իր Տիրոջ ներկայությունն էր: Նա այնպես անսասան էր, որ օգտագործում էր իրեն ներկայացող ցանկացած հարմար առիթ: Գաղտնիքը նա գտել էր Ես.26:3-ում. «Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետեւ քեզ է յուսացած»:
«Կատարյալ խաղաղության մեջ» բառերը եբրայերենով տառացիորեն նշանակում են՝ «խաղաղ խաղաղություն»: Այլ խոսքերով՝ «Կատարյալ խաղաղությունը» դա «կրկնակի խաղաղություն» է, կամ՝ «խաղաղության կրկնակի բաժին»:

Չեմ կարող թողնել Քրիստոսին...

   Սունդարի ներքին խաղաղությանը հաջորդեց արտաքին կռիվների և հալածանքների բուռն ժամանակաշրջանը: Ընտանիքից բացի, նրա կյանքում կատարված փոփոխությունը նկատեցին նաև դպրոցի նրա ընկերներն ու ուսուցիչները:
   Դպրոցի բոլոր անկարգությունների պարագլուխը դարձել էր մարդկանց դեպի Քրիստոսին առաջնորդող համարձակ վկա, Աստվածաշունչն այրողը դարձել էր Ավետարանը միշտ իր ձեռքին շրջող նվիրյալ, քրիստոնյա ուսուցիչների ոխերիմ թշնամին դարձել էր նրանց մտերիմ բարեկամը:
Ընտանիքն ու ոչ քրիստոնյա ընկերները ամեն ինչ արեցին, որպեսզի Սունդարին ետ դարձնեն իր բռնած ճանապարհից, բայց նա անդրդվելի մնաց ծաղր ու ծանակի, անարգանքի և նույնիսկ մեծ խոստումների դեպքում: Սունդարի ամենամեծ թշնամին իր եղբայրներն էին, հատկապես իրենից ավագը, ով սարսափելի լուտանքներով ու հայհոյանքներով ամբողջ օրը հալածում էր նրան: Սունդարի ընտանիքին միացավ նաև գյուղի կրոնապաշտ ժողովուրդը, ովքեր հալածանքներ սկսեցին ոչ միայն Սունդարի, այլև բոլոր քրիստոնյաների դեմ: Քրիստոնյա հնդիկները սկսեցին ընտանիքներով այլ բնակավայրեր տեղափոխվել, գյուղում գործող միսիոներների կայանը ժամանակավորապես փակվեց, իսկ Սունդարին արգելեցին դպրոց գնալ, և նա «բանտարկվեց» մեծ ապարանքի սահմաններում:

Սադհու Սունդար Սինգհ

   Մոր մահից հետո Սունդարն ավելի ագրեսիվ դարձավ և ավելի հակադրվեց քրիստոնեությանն ու Աստվածաշնչին: Մի օր աշակերտների ներկայությամբ նա պատռեց ու այրեց Աստվածաշունչը՝ հայտարարելով, որ նրանում գրված ամեն ինչ սուտ է: Նա բացահայտ ատելությամբ էր վարվում նաև քրիստոնյաների՝ ուսուցիչների ու միսիոներների հետ՝ ծաղրելով և անպատվելով նրանց: Դրան զուգահեռ նա ամեն կերպ ջանք էր գործադրում գտնել խաղաղությունը: Տասնհինգ տարեկանում տղան ոչ միայն քաջատեղյակ էր կրիշնայական «Բհագավագիտային», հինդուիստական «Վեդաներին», «Գրանթին» այլև Ղուրանին, բայց հոգու խաղաղություն չէր գտնում: Ինչքան նա բացում էր Աստվածաշունչը և կարդում, այնքան իրեն կողոպտված ու փոթորկված էր գտնում:
   Մի օր նա հոր ներկայությամբ ծվեն-ծվեն արեց Աստվածաշունչը և կրակը նետեց՝ ասելով. «Այս գիրքն ինձ խենթացնում է, պետք է ոչնչացնել արևմուտքի կրոնը»: Երեք օր անց նրա գլխում մի միտք ծագեց՝ վերջ տալ կյանքին: Խոր հուսահատության մեջ նա որոշեց, որ վերջին անգամ կաղոթի Աստծուն, և եթե Աստված տեսանելիորեն չհայտնվի իրեն, ապա ինքնասպան կլինի՝ իրեն գնացքի տակ գցելով: Նա մտածում էր. «եթե այստեղ խաղաղություն չի գտնում, գուցե այնտեղ՝ հանդերձյալ կյանքում գտնի»: Նա համոզված էր, որ Քրիստոսը հաստատ չի հայտնվի իրեն, քանի որ չկարողացավ ազատել Ինքն իրեն, ապա ինչպես կարող է օգնել մեկ ուրիշին:
   Այսպիսով՝ 1904 թվականի դեկտեմբերի 18-ին՝ երեկոյան, նա հրաժեշտ տվեց հորը՝ ասելով. «Մնաս բարով, հա՛յր, այլևս ինձ ողջ չես տեսնի, վաղը ինձ մեռած կգտնես»: Երբ հայրը սարսափած հարցրեց՝ ինչու, երիտասարդ Սունդարը պատասխանեց. «Ոչ կրոններն ինձ հանգիստ տվեցին, ոչ հարստությունն ու կրթությունը, ոչ էլ աշխարհի որևէ հաճույքը»: Հայրը լուրջ չընդունեց որդու հայտարարությունը՝ մտածելով, որ դա հուսահատության և ճգնաժամի հերթական պահ է:

Վահան Տերյան

Պետք է համառ դեռ կիզեն,
Պետք է մաշեն՝ որպես խունկ,
Սիրտը մեր վիշտ ու երկունք-
Խոր է խորհուրդն ու վսեմ…

Պետք է տոկալ ու գթալ,
Պետք է այրվել ու սիրել
Եվ աննկուն համբերել,
Պետք է անվերջ հավատալ…

Նա թևերով հրավառ,
Նա զորքերով լուսեղեն
Գուցե գալիս է արդեն
Դեպի երկիրն իմ խավար:

Սի՛րտ, հավատա, որ լուսե
Վառ է մի նոր Բեթղեհեմ-
Գուցե պարզված են արդեն,
Բաց են թևերը բոցե…

Նա պիտի գա լուսեղեն,
Նա պիտի գա հրավառ-
Դեպի երկիրն իմ խավար.-
Խոր է խորհուրդն ու վսեմ...

Սմիթ Վիգլսվորթ (հատված)

   Մարդիկ մտածում են, որ մեռելների հարություն առնելը բոլոր հրաշքներից ամենամեծն է: Սակայն Ագրիպպա արքային դիմելով՝ Պողոս առաքյալն ասաց. «Ի՞նչ, չհավատալու՞ բան է թվում ձեզ, որ Աստված մեռելներին հարություն է տալիս» (Գործք.26:8): Վիգլսվորթի սպասավորության մեջ ևս մեռելների հարության տասնչորս դեպք գիտեմ: Երբեմն նա աղոթում էր, բայց ավելի հաճախ Խոսքն էր խոսում: Ահա նկարագրեմ մեռելների հարության երկու դեպք:
   Վիգլսվորթն այցելեց մի տուն, որտեղ ընտանիքը սուգի մեջ էր հնգամյա փոքրիկ տղայի կորստյան պատճառով: Այն օրերին մահացած մարդուն չէին ընդունում թաղման տուն, ինչպես որ հիմա է արվում. սովորությունն այն էր, որ մարմինը պահում էին տանը, ուր այցելում էին բարեկամները՝ վերջին անգամ հարգանքի տուրքը մատուցելու և ցավկցություն հայտնելու:
   Վիգլսվորթը կանգնել ու նայում էր դագաղի մեջ պառկած տղային այն պահին, երբ հայրը ծածկոցն էր վերցնում մահացածի դեմքից: Արցունքները հոսեցին Վիգլսվորթի այտերով, երբ նա, ի դեմս անմեղ դեռատի զոհի մահվան, տեսավ մեղքի կործանիչ գործը: Նա հորը խնդրեց՝ իրեն թողնել սենյակում: Հոր ետևից փակեց դուռը, ապա տղայի անշունչ մարմինը դուրս բերեց դագաղից ու հենեց սենյակի անկյունին: Վիգլսվորթը Տեր Հիսուսի անվամբ խոսեց մահվանն ու հրամայեց թողնել իր զոհին: Սքանչելի հրաշք կատարվեց, մանուկը վերադարձավ կյանքին: Երբ    Վիգլսվորթը տղայի մարմինը դուրս էր բերում դագաղից, արդյունքի վրա նա չէր կասկածում:
Մի այլ անգամ իմ մի թանկագին բարեկամը, որը եկեղեցու հովիվ էր Անգլիայում և Վիգլսվորթի մտերիմն էր, պատմեց ինձ այն մասին, թե ինչպես իրենց մոտ մի մարդ էր մահացել: Վիգլսվորթին կանչել էին այնտեղ: Երբ Վիգլսվորթը աղոթել էր, մարդը մեռած տեղից հարություն էր առել: Բայց կյանքի վեռադառնալուց հետո էլ նա տառապում էր հիվանդությամբ, որը կարող էր սպանել նրան: Վիգլսվորթն ընտանիքի անդամներին ասաց, որ եթե նրանք դարձի չգան և ընտանիքում չվերականգնեն ճիշտ հարաբերություններ՝ մարդը նորից կմեռնի: Եվ արդյունքում ընտանիքը դարձի եկավ: Վիգլսվորթն աղոթեց նրա համար, և Տերը բժշկեց այդ մարդուն, որն ապրեց ևս երեսուն տարի:

Աղոթք

   Աղոթքի միջոցով մենք երկիր վրա վերապրում ենք երկինքը, իսկ դա մեր կյանքի հրաշքներից մեծագույնն է:
   Աղոթքի միջոցով մենք տեսնում ենք մեղավորի փրկությունը, իսկ դա եկեղեցու բոլոր հրաշքներից մեծագույնն է:
Աղոթքի միջոցով մենք Աստծո թագավորությունը հաստատում ենք երկրի վրա, իսկ դա տիեզերքի բոլոր հրաշքներից մեծագույնն է:

***

   Միայն Տիրոջ նկատմամբ ունեցած մեր փափագն ու աղոթքն է մեր սրտերում տեղ պատրաստում Աստծո համար: Աստված մեզ հոգևոր պարգևներ կտա այն ժամանակ, երբ տեսնի մեր աղոթքի կյանքը: Մենք միայն այն ժամանակ կարող ենք հասկանալ հոգևոր ճշմարտությունները, երբ աղոթքի միջոցով մտնենք հոգևոր աշխարհի մեջ:
-ՍԱԴՀՈՒ ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀ-

Ձուկը աղի չէ...

   Հայտնի է, որ ծովի ձկներն ապրում են աղի ջրում: Բայց ձկները աղիություն չեն տալիս այն ջրին, որի մեջ եփվում են: Այդպես է նաև մեր՝ քրիստոնյաներիս դեպքում: Թեև ապրում ենք աշխարհում, բայց աշխարհը չունենք մեր սրտերում: Աղոթքի կյանք վարող մարդը թեև ապրում է մեղքով լցված աշխարհում, մեղավոր ցանկություններով լցված մարդկանց կողքին, բայց մեղք չի գործում, որովհետև ազատված է մեղքի իշխանությունից: Սուրբ Հոգու օգնությամբ կարդալու և աղոթելու շնորհիվ է քրիստոնյան անմեղ մնում այս մեղավոր աշխրահում:
-ՍԱԴՀՈՒ ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀ-

Եփրեմ Ասորի. Երանիներ

Եփրեմ Ասորի
Ծնվել է, հավանաբար, չորրորդ դարի սկզբներին, Մծբինում` Միջագետքի հյուսիս-արևելյան մասի գլխավոր քաղաքում կամ նրա մերձակայքում:

Աղոթք
Ա
Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Բ
Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում: