Ո՞րն է քրիստոնյայի անձնազոհության պատճառը

   Շատերն արհամարհում կամ հիմար են անվանում այն մարդկանց, ովքեր առողջությունը, ուժն ու հարստությունը, ի վերջո, իրենց կյանքը տալիս են ուրիշներին, հատկապես` «անարժաններին» փրկելու համար: Խոսքը հավիտենական դատապարտությունից ու մահից փրկելու մասին է:
   Ինչո՞ւ են քրիստոնյաները մարդկանց հոգիները փրկելու համար զոհում ամեն ինչ: Ո՞րն է դրդապատճառը. փառասիրությո՞ւնը, ճանաչված լինելու մղո՞ւմը, ուրիշների ուշադրության կենտրոնում լինե՞լը, մեղքերը քավելու կամ դրանք փոխհատուցելու ձգտո՞ւմը: Ո՛չ: Քրիստոնյայի անձնազոհության պատճառն իր Փրկչին նմանվելու և իր Տիրոջ ճանապարհով ընթանալու մղումն է:
   Քրիստոսն ասաց իր աշակերտներին. «դուք եք երկրի աղը» և «դուք եք աշխարհի լույսը»: Ուրեմն, մարդիկ խավարի, դառնության և «անհամության» մեջ են: Մենք էլ մի ժամանակ այդպիսին էինք: Իսկ հիմա մենք, որ Քրիստոսի մեջ ենք, ինչպե՞ս կարող ենք խավարի մեջ ապրողների համար չզոհել ամեն ինչ:
   Օրինակ` աղն իր համը չի տա, մինչև չլուծվի: Երբ աղ ենք լցնում բրնձով լի եռացող կաթսայի մեջ, բրնձի հազարավոր հատիկների անհամությունը փոխարկվում է համեղության: Կերակուրի մեջ երևում են միայն բրնձի հատիկները, իսկ աղի համը միայն վայելողներին է հայտնի: Այսօր Եկեղեցին լցվում է փրկվածներով, իսկ նրանց թիկունքում անձեր են, ովքեր իրենց կյանքը, ժամանակն ու հարստությունը զոհում են նրանց փրկության համար:
   Ուրիշների հանդեպ մեր անձնվիրությունը օրհնության և փրկության պատճառ է դառնում նրանց համար: Այդ հարցում ես իմ անձնական փորձառությունն ունեմ: Երբ իմ քրիստոնեական կյանքի սկզբում Տիբեթում էի ծառայում, ֆիզիկական հոգնության ու տկարության պատճառով չէի կարողանում մարդկանց փոխանցել այն ամենը, ինչ ունեի և զգում էի, որ այդ պատճառով տկարանում էր նաև իմ հոգևոր կյանքը, կորցնում էի Քրիստոսով ունեցած իմ խաղաղությունն ու ուրախությունը: Երբ սկսեցի անմնացորդ և անվերապահ կերպով տալ այն ամենը, ինչի կարիքն ունեին մարդիկ, վերադարձան խաղաղությունը, զորությունը և օծությունը:
   Ջրատար խողովակը միշտ մաքուր է, որովհետև այն մշտապես մաքրվում է հոսող, թարմ և մաքուր ջրով: Նույնն է կատարվում նաև այն քրիստոնյաների հետ, ում սիրտն ու ձեռքերը միշտ բաց են դեպի մարդիկ` լցնելու նրանց հոգևոր ու մարմնավոր կարիքները: Մարդկանց անվերապահ ծառայող քրիստոնյաները նման են կենդանի ջրի ջրատար խողովակի, որով Աստծու շնորհները հոսում են Սուրբ Հոգու միջոցով: Եթե դուք «լայն» ջրատար եք, և ձեզնից «բարակ ջուր» է հոսում, ուրեմն ձեր ջրատարը խցանված է: Հենց հիմա դիմեք Քրիստոսի մաքրող Արյան զորությանը, և ձեր միջից կենդանի ջրի գետեր կհորդեն: Եթե այստեղ չմաքրեք ձեր «ջրատարը», ապա Աստծուն չեք տեսնի, որովհետև Խոսքն ասում է. «Առանց սրբության ոչ ոք Աստծուն չի տեսնի» և «Երանի սրտով մաքուրներին, նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
Սադհու Սունդար Սինգհ: Հնդիկ քրիստոնյա, ավետարանիչ