Ինչ-որ մեկը թաքնված է...

   Գյուղից քիչ հեռու, մի փոքր առանձնատանը իր երկու ծեր սպասուհիների հետ ապրում էր արդեն տարիքն առած, ոչ հարուստ մի ազնվական կին: Ապրում էին հաշտ ու համերաշխ, անվախ էին թե՛ տիրուհին, թե՛ նրա սպասուհիները, որովհետև երեքն էլ հուսացած էին իրենց Տեր Աստծուն:
    Ամեն երեկո նրանք փակում էին բոլոր դռներն ու լուսամուտները և հանգիստ պառկում քնելու, չնայած այն բանին, որ տունը ոչ պահակ ուներ, ոչ էլ մերձակա հարևան:
Մի անգամ երեկոյան, սովորության համաձայն, փակեցին բոլոր դռներն ու լուսամուտները և գնացին քնելու: Սպասուհիների ննջարանները տան մի թևի վրա էին, իսկ տիկնոջը` մյուս: Տիրուհին սիրում էր քնից առաջ առանձնանալ, կարդալ, խորհել, աղոթել, այդ պատճառով էլ միշտ աղախիններին շուտ էր արձակում:
    Վարվառա Իվանովնան մոմը ձեռքին մտավ ննջարան ու տեսավ, որ իր մահճակալի տակից դուրս է ցցված տղամարդու մի զույգ կոշիկ: Ինչ-որ մեկը թաքնված է: Կարելի է պատկերացնել, թե նա ինչպես վախեցավ: Սպասուհիները հեռու են, եթե կանչի՝ չեն լսի, իսկ եթե լսեն էլ…
Ի՞նչ կարող են անել ծեր կանայք: Երեք ծեր կնոջ սպանելը մեծ բան չէ ավազակի համար, որն, ամենայն հավանականությամբ, զինված էլ է, գուցե և մենակ էլ չէ:
Այդ պահին Վարվառա Իվանովնան հիշեց, որ ինքն ունի Կենդանի, Ամենակարող, Բարեգութ Աստված, որին միայն կարելի է վստահել: Անմիջապես նրա հոգին խաղաղվեց, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել:
   Վարվառա Իվանովնան իր ետևից փակեց դուռը, մոմը դրեց սեղանին, սկսեց մազերը հարդարել ու մտքում աղոթել. «Տե՛ր, օգնիր, ուղղորդիր՝ ի՞նչ անեմ»: Հետո նա բաց արեց Աստվածաշունչն ու սկսեց բարձրաձայն կարդալ այն խոսքը, որում ասվում է, որ Աստծու Խոսքը կենդանի է, երկսայրի սրից էլ սուր է, թափանցում է մինչև ողն ու ծուծը, քննում մարդու սրտի խորհուրդները: Կարդաց նաև 91-րդ սաղմոսը, որում ասվում է, որ Ամենակարողը օրուգիշեր անդադար պաշտպանում է մեզ… Նա Իրեն հուսացողներին ազատում է փորձանքներից, պահում չարերից, որովհետև նրանք ճանաչել են Իր անունը:
   Կինը բարձրաձայն կարդում էր՝ վստահելով իր կարդացած խոսքին, որը չի խաբում:
   Վարվառա Իվանովնան սաղմոսն ավարտեց ու ծնկի իջավ:
   Աղոթքը շատ ջերմ էր ու այնքան սրտանց, որ մինչ այդ երբեք այդպես չէր եղել: Նա Աստծուց օգնություն ու պաշտպանություն էր խնդրում փորձության ժամին: Վերջապես նա շատ հանգիստ սրտով ծնկից վեր կացավ և ուղղվեց դեպի մահճակալը, որպեսզի պառկի: Հանկարծ նրա առաջ հայտնվեց մի բարձրահասակ ու ահազդու մարդ:
- Տիկի՛ն,- ասաց նա,- մի՛ վախեցեք, ես եկել էի այստեղ ձեզ թալանելու, իսկ եթե հարկ լիներ՝ նաև սպանելու: Իմ ընկերներն այգում իմ ազդանշանին են սպասում: Եթե դուք գոռայիք կամ օգնություն կանչեիք, ես երևի ստիպված կլինեի ձեզ սպանել: Բայց ես լսեցի, թե դուք ինչպես էիք կարդում, աղոթում, և այդքանից հետո ես չեմ կարող ձեզ վնաս տալ: Հանգիստ եղեք, ես ձեզանից մի չոփ էլ չեմ տանի: Ես հիմա ընկերներիս ազդանշան կտամ, որ հեռանան:
   Հետո նա նորից մոտեցավ Վարվառա Իվանովնային ու ասաց.
- Մնաք բարով, ես հեռանում եմ: Աստված Ձեր աղոթքը լսեց, իսկ ես կյանքում այդպիսի բառեր չէի լսել: Խնդրում եմ, տվեք ինձ այդ գիրքը, որից կարդում էիք:
Վարվառա Իվանովնան տվեց նրան Աստվածաշունչը: Տղամարդը գիրքը վերցրեց ու պատուհանից դուրս թռավ:
   Նորից ամեն ինչ առաջվա պես հանդարտ ու լուռ դարձավ: Սպասուհիները, ամեն ինչից անտեղյակ, քնած էին իրենց սենյակում: Ամենակարողի ապահով ձեռքերում քնեց նաև տիրուհին:
   Վարվառա Իվանովնան չէր դադարում աղոթել այն ավազակի համար, որին տվեց իր Աստվածաշունչը:
   Մի երկու տարի հետո նա իր Աստվածաշունչը ետ ստացավ մի նամակի ուղեկցությամբ` մի հեռավոր քաղաքի հիվանդանոցից, որտեղ մահանում էր նախկին ավազակը:
   Նամակը լի էր զղջման և հնազանդության խոսքերով: Նա շնորհակալություն էր հայտնում Աստվածաշնչի ու այն գիշեր իր լսած խոսքերի համար:
   Հուզմունքից Վարվառա Իվանովնան արտասվեց, և Աստվածաշունչն ավելի թանկ դարձավ նրա համար: Երբ երեկոյան գնաց իր սենյակ, նա երկար աղոթում էր, շնորհակալություն հայտնում Աստծուն Նրա Կենդանի Խոսքի և ողորմությունների համար:
Բարի լուր